ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում

Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում
11.01.2013 | 00:59

Քաղաքական զարգացումների կենտրոնն ու ինտրիգը իշխանական դաշտից մեծ գաղթ է ապրել դեպի ընդդիմադիր դաշտ: Տեր-Պետրոսյանի հեռացումը էնպես է շարժել այնտեղի ճահիճը, որ «հարյուր տարվա մենությունից» հետո բոլոր խնդիրները աչքառ են ելել: Լևոնի գնալով ստացվել է շատ հին, բայց ծանոթ պատմություն. «Դու գնացիր ու ողջը տարար քեզ հետ, մենք ավերակացս ո՞նց թագավորենք»:
Մի խոսքով, այսօր ընդդիմության տանը բավականին էկզոտիկ, կարելի է ասել նույնիսկ` էզոթերիկ վիճակ է, որն էլ առաջացավ դինամիկ մտածողությամբ օժտված Հրանտ Բագրատյանի մուտքով:
Բագրատյանն արագ էր հասկացել իրադրությունը վերցնելու ռիսկի հմայքը, ինչի համար էլ նրան չներեցին ՀԱԿ-ում, մասամբ էլ` ընդդիմադիր դաշտում, նախագահի թեկնածուի ամբիցիաներ ունեցող, բայց շամպայն խմելու ռիսկ չբանեցրած գործիչները:
Ինչի համար պետք է Բագրատյանին հարկավորը «մատուցել»: Որովհետև, եթե ՀԱԿ-ում եղածները և ՀԱԿ-ից դուրս եկածները երկար-բարակ սպասում էին, թե ինչ որոշում է կայացնելու Գագիկ Ծառուկյանը (բոլոր բանական մարդիկ հասկանում էին, որ Տեր-Պետրոսյանը չի առաջադրվելու, զի նա, Զուրաբյան Լևոնի հանգույն, սպասում ու ցանկանում է Ծառուկյանի առաջադրումը), Բագրատյանը հստակ որոշում ուներ:
Հիմա նույնիսկ էական էլ չէ` այդ որոշումը որտեղ է եփվել. Բագրատյանի մտքո՞ւմ, Հայաստանին երբևէ «ցախավելի հեղափոխության» պահեր պարգևած պարոն Չուբայսի ամառանոցո՞ւմ, թե՞ ուկրաինական «նարինջների հեղափոխության» բագրատյանական մտերիմների շրջապատում:
Բոլոր դեպքերում, Բագրատյանն արեց իր «ձիով քայլը»` մի կողմից լուսանցք մղելով ՀԱԿ վերլուծություններն ու մոտեցումները, մյուս կողմից` ընդդիմադիր տիտղոսն ու թագը Լևոնից իրեն փոխանցման հայտ ներկայացնելով:
Իհարկե, այդ թագի համար կռվում է նաև ոչ անհայտ Րաֆֆի Հովհաննիսյանը, ընդ որում, նույնպես «շարժելով» յուր հոր` Ռիչարդի, և որդու` Կարինի ամերիկյան շրջանակները, բնականաբար, հայկական և հրեական լոբբիների ակտիվիստներով հանդերձ:
Այնուհանդերձ, մեկ շատ կարևոր բրենդ Րաֆֆին կարող է ունենալ: Եթե այս խաղում նա կարողացավ իրենով անել ՀՅԴ-ին և ստանալ նրա «աջակցությունը»` «վասն հայրենյաց արշալուսաց», ապա «սարերի քամին» տիտղոսակիր ընդդիմության թագը հավեսով ու ահագին արագ կբերի-կդնի Րաֆֆու ծոմապահ գլխին:
Այստեղ, ոնց տեսնում եք, իշխանությունները կիրառել են ոսկե տեխնոլոգիա` բաժանել-կիսելուն առնչվող: Այն է` ռուսական դաշտն ու Եվրասիական միության հեռանկարների «բույլը» նա ամբողջովին տնօրինել է միայնակ, որպեսզի «սապոգ» սիրող Ռուսաստանը միայն իր հետ գործ ունենա, «հետընտրական սապոգ» չբանեցնի: Իսկ ահա ընդդիմադիր դաշտից երկգլխանի Յանուս է «սարքել», որպեսզի մի կողմից Արևմուտքը ևս գործ ունենա միայն իր հետ, բայց համ էլ նեղացած չմնա:
Դառնանք «շամպայն խմելու» հայտ ներկայացրած Հրանտ Բագրատյանին և նրա շուրջը տեղի ունեցողին:
Բագրատյանի բրենդն ու հմայքն այն է, որ, ըստ ամենայնի, նրան կհաջողվի մեզանում վերջապես ձևավորել ազատական շարժման կենտրոն: Գաղափարական հենքով: Զի ինքը, ճիշտ է, լիքը ամբիցիաներ ունեցող և Խորենացուց հետո մեր հաջորդ «պատմիչն» է, այնուհանդերձ, գաղափարի-մտքի մարդ է, ինչն այսօր մեզանում եզակիությանը հավասար արժեք է:
Այսպիսով, տևական ժամանակ է, ինչ Բագրատյանի շուրջ հավաքվելու, նրան սատարելու բանակցություններ են ընթանում մի քանի մակարդակներում: Այս պահի համար ֆիքսենք. նրա շուրջ կարող են համախմբվել դեռևս ՀԱԿ-ից դուրս չեկած ուժերը:

Սոս Գիմիշյանը, Պետրոս Մակեյանը, հարցականներ կան Նիկոլ Փաշինյանի մասով, վերջինս ասել է` անձնական օժանդակություն Բագրատյանի ընտրվելուն կունենամ, քաղաքական` դժվար (բայց եթե Բագրատյանին հաջողվի ընդդիմադիր կենտրոնի վերածվել, ապա նրա «շուրջը» նույնպես կփոփոխվի): Չի բացառվում, որ նրան կսատարեն նաև ՀԱԿ-ից դուրս եկածներից Արամ Զ. Սարգսյանը, Միքայել Հայրապետյանը, Սուրեն Սուրենյանցը:
Ընդ որում, Բագրատյանի շուրջը հավաքվող ուժերից ամենահետաքրքիրը, թերևս, «Ժառանգության» հետ խորհրդարան մտած «Ազատ դեմոկրատներն» է, ուր, բացի Խաչիկ Քոքոբելյանից, ով համարվում է «գորշ կարդինալ» ամերիկյան հարաբերությունների գծով, այլև նույն Չուբայսի, ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի (հիշենք, որ Լավրովը նույնպես աշխատել է Վաշինգտոնում` ՄԱԿ-ում) հետ որոշակի կապեր ունեցող, ՄԱԿ-ում աշխատած ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանն է, ով նույնպես գաղափարական հենքով առաջնորդվող գործիչ է:
ՈՒ եթե հիշենք նաև, որ ժամանակին ամենախարիզմատիկ «ժելեզնայա լեդին»` ԱՄՆ-ի դեսպան տիկին Յովանովիչը ցանկանում էր աջ ուժերի հանգույց ստեղծել մեզանում` նախկին երեք արտգործնախարարներից` Րաֆֆի Հովհաննիսյանից, Օսկանյանից, Արզումանյանից (Քոչարյանը, յանկիներին չսիրելու ու մնացյալ պատճառներով չթողեց, որ Օսկանյանը մասնակցի այդ պրոյեկտին), ապա այս փուլում բավականին հետաքրքիր իմաստ է ստանում արդեն Բագրատյան-պրոյեկտը:
Եվ ոչ միայն «շամպայնի» պահով, այլև 2018-ի ընդդիմադիր ճամբարի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ